Առողջագիտություն

Առաջին օգնություն   Թունավորումներ գազերից (մեթան, քլորի գոլորշիներ, թմրադեղերի գոլորշիներ, շմոլ գազ)


Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։
Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։ Շմոլ գազն անգույն է, անհոտ, և այդ պատճառով մարդը կարող է երկար ժամանակ գտնվել թունավոր միջավայրում ու չզգալ դա։ Տարիներ շարունակ շմոլ գազով թունավորման նշան է հա­մարվել մաշկի և շրթունքների վառ կարմիր կամ կարմրակապտավուն երանգը; Սակայն, այդ նշանն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջա­պես առաջ։ Ուստի թունավորումը ճանաչելու համար մի՛ առաջնորդվեք միայն մաշկի գույնով։
Արդյունաբերության մեջ կամ կենցաղում օգտագործվող որոշ քիմիա­կան նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ։
ՆՇԱՆՆԵՐԸ
  • գունատ, կարմրավուն կամ կապտավուն մաշկ,
  • թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • դժվարացած շնչառություն, շնչահեղձություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Թունավոր գազերի առկայության դեպքում մեծ է վտանգը, որ առաջին օգնողը, մտնելով թունավոր միջավայր, ինքը ևս կարող է տուժած դառնալ։
Եթե կարող եք արագ մտնել, բացել դուռն ու պատուհանները, ապա կատարեք մի քանի խորը ներշնչում, շունչը պահած մտեք դեպքի վայր, օդափոխեք տարածքը և շտապ տեղափոխեք տուժածին վտանգավոր գոտուց։ Եթե դեպքի վայրում ծուխ կա, ապա աշխատեք գտնվել հատակին մոտ։ Խստիվ արգելվում է թունավոր գազերի առկայության դեպքում ծխել կամ կրակ վառել։
Ձեր, տուժածի և շրջապատի անվտանգությունն ապահովելուց հետո կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան օգնու­թյուն։ Ահազանգեք շտապ օգնություն և մինչև մասնագետների ժամանումը մնացեք տուժածի մոտ, վերահսկեք տուժածի վիճակը։ Եթե միջավայրը վտանգավոր է, ապա անհապաղ ահազանգեք մասնագիտական ծառայություններ և անպայման նշեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պատահարի մասին:

Առաջին օգնություն   Ալկոհոլային թունավորումներ

Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկա­յացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող տարբեր հեղուկներ (տեխնիկական սպիրտ, օծանելիք և այլն)։ Առավել վտանգավոր են այն թունավորումները, երբ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, որը և՛ համով, և՛ հոտով նման է էթիլ (բժշկական) սպիրտին: Այդ թունավորումները կարող են կուրացնել և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։
ՆՇԱՆՆԵՐԸ
  • բնորոշ հոտ,
  • տեսողական խանգարումներ,
  • քնկոտություն,
  • շփոթված, անկապ խոսք,
  • գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ,
  • դանդաղ, անկանոն շնչառություն և անոթազարկ,
  • չկառավարվող շարժումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, հնարավորության դեպքում տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Տվեք տուժածին խմելու մեծ քանակությամբ հեղուկներ (ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն)։
  • Եթե համոզված եք, որ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, ապա անմիջապես խմեցրեք նրան 100 գ օղի և, մինչև շտապ օգնության ժամանումը, ամեն երկու ժամը մեկ խմեցրեք 50 գ օղի:
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:
Արհեստական փսխում.
Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ
  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։
Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին։ Տուժածին հիվանդանոց տեղափոխելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք